Ընթերցողի սեղանին է ՄՈՎՍԵՍ ՊՉԱՔՃՅԱՆԻ «Երկերի լիակատար ժողովածուի» չորրորդ հատորը: Գրքի շնորհանդեսը նշվեց ՀԳՄ «Գրական ակումբում»:
«Հայաստան» հրատարակչության տնօրեն Վահագն Սարգսյանը նշեց, որ Մովսես Պչաքճյանը հայտնի է որպես արձակագիր: «Երկերի լիակատար ժողովածուի» առաջին, երկրորդ, երրորդ հատորներում տեղ են գտել նրա պատմվածքները, վեպերը, նոթերը: «Մովսես Պչաքճյանը լավագույնս շարունակում է սփյուռքի այն ավանդույթները, որ ձևավորվել էին ցեղասպանությունից հետո: Նա Ֆրանսիայի Շահնուրյան դպրոցի վերջին մոհիկանն է: Նոր գրքում տպագրվել է «Անկարելի կարելին» պիեսը, որը բեմադրվել է երեք անգամ, տարբեր միջօրեականներում` Հայաստանում, Փարիզում, վերջերս` Կանադայում: Գրքում տեղ են գտել նաև բանաստեղծությունները, օրագրություները, որը գեղարվեստական, սյուժետային գիծ ունի, մահվան ու կյանքի մի մեծ փիլիսոփայություն է: Գրողները հոգու ճարտարապետներն են, Մովսես Պչաքճյանը կարծես թե հայի հոգու ճարտարապետն է»:
Գրականագետ, սփյուռքահայ անվանի գործիչ Մարգար Շարապխանեանը նկատեց, որ սփյուռքահայ գրողներից միայն Պչաքճյանի ամբողջական գործերն են հրատարակվել Հայաստանում: Նրա բնորոշմամբ` սփյուռքահայ գրող լինելն աշխարհի ամենադժվար գործերից մեկն է, բայց նաև ամենահաճելի: Ինչպես որ գրելը տանջանք է, բայց իսկական գրողի համար գրելը նաև հաճույք է:
Մեզ հետ զրույցում Մովսես Պչաքճյանն ասաց, որ իր գործերից առանձնացնում է «Լուսավոր աչքերով օտարականը», բոլոր գործերը ինքնակենսագրական հիմք ունեն, թեև գրված են երրորդ դեմքով: Ցեղասպանության մասին չի գրում, բայց ասում է, որ իր գրքերը Հայաստանի մասին են, ու այսպես թե այնպես առնչվում են ցեղասպանության թեմային: Նրա գրքերը մեծ պահանջարկ ունեն սփյուռքում, ընթերցողներից ստանում է մեծ թվով նամակներ, որոնք տեղ են գտել չորրորդ հատորյակում: Նշենք, որ գիրքն արժե 2500 դրամ, շնորհանդեսի օրը վաճառվում էր 1000 դրամով:
Մովսես Պչաքճյանի հատորյակները լույս են ընծայվում ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռայլֆ Յիրիկյանի հովանավորությամբ:
Գրականագետ Դավիթ Գասպարյանը հաճախ է անդրադարձել սփյուռքահայ գրողին, սակայն երեկոյի ժամանակ նա մեկ այլ հարց բարձրացրեց, նշելով, որ աստիճանաբար պետք է օգտագործել հայ գրականություն հասկացությունը. «Ի՞նչ է նշանակում սփյուռքահայ գրականություն: Սոնա Վանը, Թամար Հովհաննիսյանը ապրում են արտերկրում, գրքերը տպագրում են այստեղ, իրենց ընթերցողն այստեղ է: Արևմտահայ գրողներն ինչքան շատ լինեն, այնքան լավ, բայց հիմա խառնվել են իրար և՛ արևմտահայերենը, և՛ արևելահայերենը: Ասել, թե սփյուռքահայ գրականության հիմքը արևմտահայերենն է, արդեն ճիշտ չէ: Այդ տարբերակումը վերանայելու ժամանակն է: Դպրոցական դասագրքերում միասնական է, չի տարբերակվում, բայց բարձրագույն ուսումնական հաստատություններում սփյուռքահայ գրականությունը առանձին առարկա է դիտվում-ուսուցանվում, հայրենի կոչված գրականությունն էլ` առանձին»: Անդրադառնալով օրվա հերոսին, վստահեցրեց, որ Պչաքճյանը չի բավարարվի չորս հատորյակով: Առջևում նոր հատորներ են սպասվում:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ